Նոյեմբերի 7-ին Ջերմուկի կրթահամալիրում հաճելի իրարանցում էր: Աշակերտները անհամբերությամբ սպասում էին պատվարժան հյուրերին: Նրանք էին բանաստեղծ, «Հայրենիքի ձայն» թերթի խմբագիր Հարություն Հովնաթանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, գրականագետ, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, բանաստեղծ, ՀԳՄ անդամ Վազգեն Խանոյանը:
Հանդիպումը բացեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալիսա Ամիրջանյանը: Ողջունելով հյուրերին` նա ասաց, որ իրենց կրթօջախում բարի ավանդույթ է դարձել հյուրընկալել ժամանակակից գրողների, մշակույթի գործիչների: Աշակերտները սիրով են հիշում իրենց հանդիպումները արձակագիրներ Հովիկ Վարդումյանի, Ալիս Հովհաննիսյանի, բանաստեղծներ Շանթ Մկրտչյանի, Նանեի, Լիպարիտ Սարգսյանի և ուրիշների հետ:
ՈՒսուցչուհին նշեց, որ այս հանդիպման շարժառիթը Հ. Հովնաթանի «Երանելի Մկրտիչ Սարգսյանը» գիրքն է (2018): Բարձր գնահատելով գիրքը` նա նշեց, որ այդտեղ բանաստեղծն ակնածանքով ու ջերմությամբ է ներկայացրել իր զրույցները անվանի գրողի և մտավորականի հետ, նաև գրականագիտական ինքնատիպ վերլուծություններով, մեկնություններով մեկ անգամ ևս արժևորել Մ. Սարգսյանի ստեղծագործությունները:
Ա. Ամիրջանյանն ասաց, որ ոչ միայն այսօրվա ընթերցասերների սիրելի հեղինակն է Մկրտիչ Սարգսյանը, այլև իր՝ 70-80-ականների սերնդի, որը քաջածանոթ էր նրա երկերին՝ կրթվել, դաստիարակվել է նրանցով, նրանցից բարության և ազնվության դասեր քաղել:
Իր ապրած կյանքով ևս Մ. Սարգսյանը օրինակ է եղել շատերի համար, ճշմարիտ ու անաչառ մտավորականի օրինակ, որի պակասը այնքան զգացվում է այսօր:
Բացման խոսքից հետո ելույթ ունեցան աշակերտները: Նրանք ներկայացրին նաև Հարություն Հովնաթան գրողին և հրապարակագրին, արտասանեցին նրա բանաստեղծություններից: Այնուհետև ելույթ ունեցան հյուրերը: Հ. Հովնաթանը խոսեց Մ. Սարգսյան գրողի և մարդու մասին, որի հետ երկար տարիների մտերիմ ընկերներ են եղել: Նա աշակերտներին ազնիվ ապրելու, ճշմարիտ արժեքներին դավանելու ուսանելի և հիշարժան խորհուրդներ տվեց:
Դ. Գասպարյանը խոսեց դասագիրք կազմելու դժվարությունների և մեծ պատասխանատվության մասին, քանզի դասագրքերը սերունդներ դաստիարակող և ուսուցանող գլխավոր դարբնոցն են: Նա կարևորեց նաև գիտելիքի և կրթության դերը արդի իրականության մեջ, նաև հայոց լեզվի անաղարտության պահպանման անհրաժեշտությունը:
Վ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, անդրադարձավ Հ. Հովնաթանի «Երանելի Մկրտիչ Սարգսյանը» գրքին, որտեղ հեղինակը այնպիսի մանրամասներ է նկատել Մ. Սարգսյանի ստեղծագործություններում («Քաջ Նազար», «Կյանքը կրակի տակ», «Ճակատագրով դատապարտվածները» վեպեր, «Սերժանտ Կարոն» վիպակ), որ գուցե վրիպեին անգամ փորձառու գրականագետների աչքից: Նա նաև կարդաց Մ. Սարգսյանի բանաստեղծություններից մեկը, որը լավագույնս բնութագրում է իրեն` Մ. Սարգսյան գրողին և մարդուն:
Անցել ես դժվար, երկար ճանապարհ,
Եվ հետ ես նայում հայացքով մի հաշտ,
Հետևում թողած անդունդ, լեռնապար,
Հրճվանք ու սեր, մահ ու մարտադաշտ…
Ինչ որ ունեիր, դու տվիր մարդուն,
Եվ երգեր ու սեր, և սիրտ ու ավյուն,
Քո խոսքը եղավ թթվածնի պայթյուն,
Եվ կյանքդ՝ լուսե լիարժեք այրում…
Շատը գնացել, քիչն է մնացել,
Քայլի՛ր քո ճամփով և եղի՛ր հպարտ,
Որ թեկուզ և ծեր, բայց չես հնացել,
Եվ ծանր օրերին մնացել ես Մարդ…
Ելույթ ունեցան նաև հանդիպմանը ներկա իրավաբան Ռ. Մարկոսյանը, նախկին քննիչ Մ. Խանամիրյանը: Հյուրերը դատարկաձեռն չէին եկել. նրանք իրենց հետ բերել էին գեղարվեստական գրականության արժեքավոր նմուշներ, որոնք նվիրեցին դպրոցի գրադարանին:
Ամփոփելով հանդիպումը` Ա. Ամիրջանյանը նշեց, որ շփումները մշակույթի գործիչների հետ միշտ էլ ուսանելի են և հոգեպես հարստացնում են սովորողներին: Նրանք ծանոթանում են արդի հայ գրականության նշանավոր դեմքերի հետ, իրենց համար նոր անուններ հայտնաբերում:
Կրկին հանդիպելու ակնկալիքով հյուրերը հրաժեշտ տվեցին կրթահամալիրի կոլեկտիվին և աշակերտներին:
Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ջերմուկի կրթահամալիրի փոխտնօրեն